Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Երևանը կզարդարեն ձնե քանդակները

Երևանը կզարդարեն ձնե քանդակները
16.12.2016 | 00:06

Շատ շուտով Երևանի Ազատության հրապարակը կզարդարեն ձնե քանդակները։ Նախաձեռնությունը HD Studio-ինն ու նրա ղեկավար Կարեն Խաչատրյանինն է։ Մեզ հետ զրույցում Կարեն Խաչատրյանը նկատեց, որ 3 տարի է՝ նման ծրագիր իրականացնելու մտադրություն ունեն, այս տարի արդեն որոշում կայացվեց Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցաբար կյանքի կոչել գաղափարը։


Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նկատվում է, որ ամբողջ աշխարհում, հատկապես ձնառատ երկրներում, անցկացվում է նման միջոցառում, և Երևանն էլ պետք է հետ չմնա ու նման ծրագիր կազմակերպի մեր երեխաների, քաղաքացիների, զբոսաշրջիկների համար։
Քանդակները պատրաստելու և ցուցադրելու են ինչպես պրոֆեսիոնալները, այնպես էլ արվեստի դպրոցների սաները՝ իրենց ուսուցիչների հետ։ Մեր երկրում ձյան հետ աշխատելու փորձ չկա, ուստի ծրագիրը նաև փորձարարական է, պրոֆեսիոնալներն ու սովորողները կաշխատեն միասին, կհամագործակցեն, կքննարկեն ու ձյան հետ «լեզու կգտնեն»։ Ձյունն ու սառույցն ունեն իրենց առանձնահատկությունները, և ծրագրի մասնակիցները շունչ կհաղորդեն սառը նյութին։


Քանդակները լինելու են տարբեր թեմաներով, կազմակերպիչներն էսքիզների առումով հեղինակներին ազատություն են տվել, սակայն կգերակշռեն հեքիաթային կերպարները, կլինի Փարիզի Էյֆելյան աշտարակը, նույնիսկ մտադրություն կա ներկայացնելու Երևանի երբեմնի Երիտասարդական պալատը։


Ցուցադրված կլինի ավելի քան 15 քանդակ։ Մեր զրուցակիցը նշեց, որ շատ մեծ ոգևորություն կա ծրագրի նկատմամբ։ Եթե կարողանան բավարար քանակությամբ ձյուն մատակարարել, ապա քանդակների թիվը շատ ավելի կլինի։ «Ձնե քաղաքը» պատրաստ կլինի արդեն առաջիկա օրերին, Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը զուգահեռ կբացվի նաև ձնե քանդակների հրապարակը։


Նշենք, որ ձյունը Երևան է բերվել Ապարանից, արդեն իսկ 8 մեքենա ձյուն է տեղ հասցվել։ Սկսվել են նախնական աշխատանքները։ Ազատության հրապարակում պատրաստվելու է ձնե մեծ ամրոց, միջոցառումը լինելու է ինտերակտիվ, որ ավելի գրավիչ ու հիշարժան դառնա։
Այսպիսով, նոր մշակույթ է ձևավորվում քաղաքում։ Մեր զրուցակցի հավաստմամբ, ծրագրի հաջողության դեպքում հաջորդ տարի կունենանք նաև արտասահմանցի հյուրեր, կհրավիրվեն ձյան և սառույցի հետ աշխատելու ավելի մեծ փորձ ունեցող քանդակագործներ, և, նրանց ներուժն օգտագործելով, ավելի հետաքրքիր արդյունք կունենանք։
Կարեն Խաչատրյանը նկատեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և շատ մեծ ցանկություն ունեն ձնե քանդակների փառատոն անցկացնելու նաև Երևանից դուրս՝ Ծաղկաձորում կամ այլ վայրում, կհամագործակցեն նաև Ջերմուկում անցկացվող համանման նախագծի հեղինակների հետ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ